Շվեյցարիայի Նյոն քաղաքում մարտի 15-ին կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Կիսաեզրափակիչի համար պայքարում կատալոնական «Բարսելոնան» կխաղա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», իսպանական «Մալագան» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ թուրքական «Գալաթասարայը»: «Ռեալը», «Մալագան», ՊՍԺ-ն եւ «Բավարիան» առաջին խաղերը կանցկացնեն տանը: Այս տարի մրցաշարի կանոնակարգը փոխվել է եւ կիսաեզրափակիչի զույգերը նույնպես հայտնի կդառնան վիճակահանության արդյունքում: Հիշեցնենք, որ 1995/1996թթ. մրցաշրջանից սկսած առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը կանցնի առանց անգլիական թիմերի: Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ «Մալագա» (Իսպանիա) - «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա) «Ռեալ» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա) ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) Առաջին խաղերը կկայանան ապրիլի 2-ին եւ 3-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 9-ին եւ 10-ին: